Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Գայլուկ սովորական - Хмель обыкновенный - Humulus lupulus L.

Գայլուկ սովորական - Хмель обыкновенный - Humulus lupulus L.

Հայկական տարանունները - դրոժի թուփ, հմուլ, հյուսիսայգի, հումել, ջղլաբատ

Դեղաբույսի նկարագրությունը: Թթազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա լիան է: Տերևներն ամբողջական կամ բլթակավոր են: Ձմռանը բույսի վերգետնյա մասը մահանում է, իսկ գարնանը կենսունակ կոճղարմատից աճում են մագլցող նոր շիվեր, որոնք ձախից աջ հյուսվելով մերձակա ծառերին, ստեղծում են անանցանելի բուսուտներ: Մշակվում և օգտագործվում է հիմնականում իգական բուսատեսակը: Կոներն ունեն մեծ թվով թեփուկներ, որոնք ներսի կողմից ունեն լուպուլին արտադրող դեղին գեղձեր: Գայլուկը ծաղկում է ամռանը, իսկ պտղակալում` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Բավականաչափ զգայուն է ցրտի նկատմամբ, պտղակալում է կանոնավոր: Բույսի արմատը խորանում է հողի մեջ մինչև 3 մետր: Կոճղարմատը, որն ունի սպիտակ գույն, ապրում է 15-20 տարի: Այն շատ պահանջկոտ է ազոտական աղերի նկատմամբ և բավական մեզոֆիլ է: Բազմանում է տնկաշիվերով, որոնք առաջին տարում աճեցվում են տնկարանում, իսկ հաջորդ տարում տեղափոխվում հիմնական բուսուտ: Բույսը կանոնավոր աճի համար պահանջում է հենարան և առատ բերք է տալիս միայն տնկման երկրորդ տարվանից:

 

Ոմանք գտնում են, որ «հումուլուսը» ծագել է սլովոնական «խմել» բառից, իսկ «լուպուլուսը», որ նշանակում է գայլ, ծագել է այն բանից, որ գայլուկը ծառին հյուսվելով և հենվելով ոչնչացնում է նրան: Ահա թե ինչու Պլինիոսը գայլուկին անվանել է նաև «արոտավայրի գայլ»: Բույսն աճում է խոնավ տեղերում, գետեզրերին, անտառի բացատներում, այգիներում:

 

Քիմիական բաղադրությունը: Լուպուլինը հարուստ է դառը նյութերով, եթերայուղով, խեժով, դաբաղիչ և ներկող նյութերով, հումուլինային թթուներով, ալկալոիդներով: Կոների մեջ հայտնաբերվել է դեղնակարմրավուն եթերայուղ, խոլին, տրիմեթիլամին, ասպարագին, խեժ (մինչև 16%), տանին (մինչև 4%), կիտրոնաթթվական աղեր, վալերիանաթթվական եթեր, ֆիտոստերին, C վիտամին, պալմիտինաթթվային միրիցիլ, ալկալոիդ խումուլին, իսկ ծաղիկների, տերևների և ցողունների մեջ կան հիմքերի հետքեր և C վիտամին:

 

Բուժական նշանակությունը: Կոները հավաքում են կոթուններով, պարզ եղանակին` մինչև լրիվ հասունանալը, և չորացնում ստվերում, բարակ շերտով, մինչև կոթունները ծալելիս բեկվեն: Դրանից հետո հումքը ծխահարում են ծծմբով և մամլած շերտերով պահում տուփերի մեջ: Չորացած հումքն ունի հաճելի հոտ, խեժի դուրեկան դառնահամություն: Հասուն և չոր կոների թափահարումից անջատվում է լուպուլինը, որը դեղատներում հայտնի է «գայլուկի ալյուր» անվամբ: Լուպուլինը կազմում է չոր հումքի 7-16%-ը: Գայլուկը լայն կիրառում ունի աշխարհի տարբեր երկրների ինչպես ժողովրդական, այնպես էլ գիտական բժշկության մեջ: Ֆրանսիայում այն անվանում են «հյուսիսային խաղող» և օգտագործում են որպես տոնուսավորող և քնաբեր միջոց, ինչպես նաև սեռական գերգրգռվածության և սրտանոթային ֆունկցիոնալ թուլությունների ժամանակ:

 

Լեհաստանում դեղաբույսն օգտագործում են ընդհանուր թուլության, նևրասթենիայի, կլիմակտերիկ նևրոզի, ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների բուժման նպատակով, Բուլղարիայում` սեռական գերգրգռվածության, հատկապես ցավոտ էրեկցիայի, սերմնահոսության, անքնության, ախորժակի բացակայության, գեղձախտի, դեղնուկի, միզուղիների բորբոքման և քարերի, դաշտանային ցավերի ու գլխացավերի ժամանակ: Ավստրիայում և Գերմանիայում գայլուկը հանրածանոթ միջոց է նևրոզների և անքնության ժամանակ (կոները լցնում են բարձի մեջ և քնում վրան): Հունգարիայում և Չեխոսլովակիայում գայլուկի չոր մզվածքը կազմում է «խովալետտին» և «վալոսեդան» հանգստացնող բնույթի դեղամիջոցների բաղադրիչ մասերից մեկը: Գայլուկը` քսուքի ձևով, Բելոռուսիայում օգտագործվում է թարախային վերքերը, հին խոցերը և խուղակները բուժելու համար: Ըստ Մ.Ա. Նոսալի տվյալների, Ուկրաինայում գայլուկի կոներն օգտագործում են միզուղիների բորբոքման, ջրգողության, ստամոքսի կատառի, լյարդի և լեղապարկի հիվանդությունների և նևրոգեն անքնության ժամանակ: Կոմպրեսի կամ թրջոցների ձևով որպես ցավ հանգստացնող և ներծծող միջոց, գայլուկն օգտագործվում է նաև չիբանը և խոցային վերքերը բուժելու համար: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ գայլուկը լայն կիրառում է գտել գաստրիտների, ճիճվակրության, լնդախտի, մազաթափության, նևրասթենիայի, ռադիկուլիտի, նևրալգիաների, չիբանի և մկնատամի բուժման գործում:

 

Աբխազական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն արտաքին ձևով օգտագործվում է մաշկի թարախային վերքերի և սալջարդի բուժման, իսկ ներքին ընդունման ձևով` մարսողությունը լավացնելու համար և որպես ընդհանուր հանգստացնող միջոց: Հայկական ժողովրդական բժշկության մեջ գայլուկը հայտնի է եղել որպես միզամուղ և ցավազրկող միջոց, միաժամանակ օգտգործվել է նաև լուծի ժամանակ: 1818 թ. գայլուկի մասին («փղապատ» անվան տակ) մանրամասը նկարագրություն է տվել հայտնի բժիշկ Ս. Շահրիմանյանը: Հեղինակը նշել է դեղաբույսի քնաբեր հատկությունը, դրդող ներգործությունը ստամոքսի գործունեության վրա, ինչպես և հանգստացնող ազդեցությունը` ստամոքսի ցավերի ժամանակ: Մեջբերելով Գ. Բուկխանի տվյալները, Ս. Շահրիմանյանը նշում է, որ բույսի արմատի մզվածքն ունի «արյունը մաքրող» հատկություն և իր քնաբեր ներգործությամբ կարող է փոխարինել ափիոնին:

 

Ըստ Գ. Մենևիշյանի, գայլուկի կոներն ունեն նյարդերը հանգստացնող, սրտանոթային համակարգը տոնուսավորող, վերքերը հականեխող հատկություններ:

 

Ա.Գ. Գորելովան փորձնական տվյալներով պարզել է, որ գայլուկի մզվածքն օժտված է էսթրոգեն ակտիվությամբ: Այսպես, պատրաստուկը 10-30 մգ դոզայով առաջ է բերում կաստրացիայի ենթարկված էգ մկների սեռական սֆերայի դրդման երևույթներ. դրանով հեղինակը հիմնավորում է ժողովրդական անասնաբուժության փորձը, երբ կովերին բեղմնավորման նպատակով տալիս են գայլուկի կոների թունդ եփուկ:

 

Գիտական բժշկության մեջ գայլուկը դեռևս վերջնականապես չի արմատավորված: Սակայն այն մտնում է հանգստացնող № 1 թեյի բաղադրության մեջ: Գայլուկի եթերայուղը և հումուլինն ունեն հանգստացնող հատկություն և մտնում են հանրահայտ վալոկորդինի բաղադրության մեջ, որը կիրառվում է կրծքային հեղձուկի, սրտանոթային խանգարումների, մի շարք վեգետանևրոզների և աղիքային կծկումնային ցավերի ժամանակ: Ըստ Ն.Գ. Կովալևայի, գայլուկի պատրաստուկներն ունեն կարդիոտոնիկ, դիուրետիկ, հակաբորբոքիչ հատկություն և կարելի է օգտագործել երիկամային հիվանդությունների, հիպերտոնիկ հիվանդության և աթերոսկլերոզի ժամանակ: Վերջինիս դեպքում նա դեղաբույսն օգտագործում է լոգանքների ձևով:

 

Կոների փոշուց պատրաստված քսուքն օգտագործվում է սալջարդերի, պոդագրիկ և ռևմատիկ հոդացավերի, թարախապալարների բուժման ժամանակ որպես ցավազրկող և ներծծող միջոց: Կոների եփուկը` խնկեղեգի հետ, լվացման ձևով արդյունավետ է ներգործում գլխի մաշկի թեփոտության և մազաթափության ժամանակ: Հիմք ընդունելով ժողովրդական բժշկության փորձը, պարֆյումերիայում այս խառնուրդն օգտագործվում է շամպունի պատրաստման մեջ: Որպես ախորժակը լավացնող միջոց բույսի ջրաթուրմը կարելի է օգտագործել բոլոր այն հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են ախորժակի վատացումով: Ջրաթուրմը դրականապես է անդրադառնում նաև երազախաբության և անքնության ժամանակ: Անհրաժեշտ է նշել, որ կոներն օժտված են արտահայտված ֆիտոնցիդային, ախտահանիչ և մանրէասպան հատկություններով: Հիմք ընդունելով ժողովրդի դարավոր փորձը` մենք Կ.Ա. Մարջանյանի հետ մեկտեղ գայլուկի եփուկն օգտագործել ենք քրոնիկական թերսեկրետոր գաստրիտով հիվանդներին բուժելու համար: Եփուկը` 10 գ հումքը 500 մլ ջրում, հիվանդներն ընդունել են 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց 5-10 րոպե առաջ, 3-4 շաբաթ տևողությամբ:

 

 

Բուժման ընթացքում հիստամինակայուն ախիլիայով տառապող 7 հիվանդի ստամոքսահյութում թեև առաջ չի եկել ազատ աղաթթու, սակայն բուժման կուրսն ավարտելուց հետո բարձրացել են բոլորի ստամքսահյութի ժամային լարվածությունը, գաստրոպեպսինի և ուրոպեպսինի ակտիվությունը, պակասել են հյութի լորձի քանակը, թթվության դեֆիցիտը, նվազ դրական է դարձել Ուֆելմանի ռեակցիան, զգալի իջել է ph-ը, բարձրացել գաստրոպրոտեինների քանակը: Համանման տվյալներ են արձանագրվել թերթթու գաստրիտով հիվանդների մոտ այն տարբերությամբ, որ այստեղ զգալի բարելավվել է ազատ աղաթթուն, շատ դեպքերում նորմալացել նրա դեբիտ-ժամը, կանոնավորվել պեպսինային ակտիվությունը և հյութի մյուս կարևոր բաղադրատարրերը: Նախքան բուժումն էլեկտրագաստրոգրաֆիկ եղանակով գերակշռել է հիվանդների ստամոքսի շարժիչ ֆունկցիան բնորոշող հիպոկինետիկ տիպը (69,5%), որը բուժումից հետո` 50% դեպքերում, անցել է նորմալ տիպի: Ռենտգենային տվյալներով նկատվել են հիվանդների մեծ մասի ոչ միայն ստամոքսի կծկումների, այլև նրա էվակուատոր ֆունկցիայի նորմալացում, տոնուսի բարձրացում, պիլորասպազմի անհետացում: Ստամոքսի արտազատական ֆունկցիան նորմալացել է հիվանդներից 48%-ի, իսկ ներծծական ֆունկցիան` 36%-ի մոտ: Բուժման կուրսն ավարտելուց հետո վերականգնվել է մեծ մասի համի զգացման շեմքը` քաղցրի, աղի, թթվի և դառնի նկատմամբ, լավացել ախորժակը, դադարել ստամոքսային ցավերը: Այս բոլոր տվյալներին զուգընթաց, նշենք, որ նկատվել է հիվանդների գերակշռող մասի քաշի ավելացում` 0,5-2 կգ-ի սահմաններում, զգալի բարելավվել է արյան պատկերը: Այս բնույթի հիվանդների գայլուկից ստացված բուժման բացարձակ արդյունավետությունը կազմել է մոտ 78%: Բուժման ընթացքում վատացում նկատվել է միայն 4% դեպքերում: Մինչդեռ ստացված բուժման արդյունքը եղել է բավականաչափ կայուն:

 

Ելնելով վերոհիշյալ տվյալներից, գայլուկի եփուկը առաջարկել ենք խրոնիկական թերսեկրետոր գաստրիտների բուժման համար` ինչպես առանձին, այնպես էլ այլ դեղամիջոցների հետ համակցված:

 

Կիրառման եղանակները: Ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 1 ճաշի գդալ մանրացրած կոն, խառնում 1 բաժակ եռման ջրին, հովանալուց հետո քամում և ըմպում 1/4 բաժակ, օրական 3-4 անգամ` ուտելուց 15-20 րոպե առաջ: Անքնության դեպքում 2 թեյի գդալ մանրացրած կոները 1 բաժակ եռման ջրում 4 ժամ թրմելուց հետո ըմպում են 1-2 ճաշի գդալ` քնելուց առաջ: Ջրաթուրմի դոզան կարելի է փոփոխել. այսպես, 20 գ կոնը 1 լ եռման ջրին կամ 2 ճաշի գդալ կոնը 1 բաժակ եռման ջրին` 1 օրում ըմպելու համար: Ջրաթուրմ պատրաստում են նաև մատղաշ ընձյուղների հյութից: Այսպես, դեղնուկի դեպքում 2 ճաշի գդալ հյութը խառնում են 1 բաժակ եռման ջրին և 1 բաժակ եռման կաթին: Խառնուրդը հովանալուց հետո ըմպում են ամբողջ օրվա ընթացքում:
Եփուկ պատրաստելու համար վերցնում են 10 գ կոն, եռացնում 200 մլ ջրում 30 րոպե, որից հետո ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Ոգեթուրմի համար մանրացրած կոները և 70° սպիրտը խառնում են 1:4 հարաբերությամբ, 2-3 շաբաթ թրմելուց հետո անքնության դեպքում ընդունում 5-7-ական կաթիլ` մի կտոր շաքարով կամ նույն քանակությունը` 1 թեյի գդալ ջրով` քնելուց առաջ: Այլ հիվանդությունների բուժման համար ոգեթուրմն ընդունում են 40-ական կաթիլ` օրական 3-4 անգամ: Տրորված կոներից կամ մաքուր լուպուլինից (խոզի ճարպով կամ կարագով) կարելի է պատրաստել 1:1 հարաբերությամբ քսուք` արտաքին կիրառման նպատակով: Լուպուլինը կարելի է օգտագործել նաև թրջոցների, հանգստացնող լոգանքների ձևով, ինչպես նաև մաքուր վիճակում, 0,2-0,4 գ` օրական 2 անգամ ըմպելով ջրով: Նման ձևով են ընդունում նաև կոների փոշին, մեկական պտղուց` օրական 3 անգամ:

 

 

№ 1 հանգստացնող թեյի մեջ մտնում են 1-ական մաս գայլուկ և կատվախոտի արմատ, 2-ական մաս անանուխ և ջրառվույտ: 1 ճաշի գդալ այս խառնուրդը 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ըմպում 1/2 բաժակ` օրական 2 անգամ:

 

Բույսի այլ հատկանիշները: Գայլուկը թունավոր բույս է: Երբեմն առաջ է բերում «գայլուկ հավաքողների հիվանդություն», որը բնորոշ է քնկոտությամբ, քրտնարտադրությամբ, ընդհանուր գրգռվածությամբ, ջերմության բարձրացումով, սրտի շրջանի ցավերով, իսկ որոշ դեպքերում էլ առաջ է բերում քրոնիկական էկզեմա: 1-2 գ լուպուլինը թունավորում է առաջացնում: Անասնաբուժության մեջ գայլուկն օգտագորում են նաև ընդհանուր սուր թուլության և ջրգողության ժամանակ: Բացի բուժական նպատակներից, գայլուկն անհիշելի ժամանակներից օգտագործվում է հացաթխման և գարեջրի պատրաստման պրոցեսներում: Հացաթխման մեջ կոներն օգտագործում են թթխմոր պատրաստելու համար, ոմանք հացին տալիս են հաճելի համ ու հոտ: Գարեջրի մշակման պրոցեսում գայլուկի դաբաղանյութերը կարգավորում են հումքի խմորումը և կանխում գարեջրի թթվեցումը: Եթերայուղը, խեժը և լուպուլինը գարեջրին տալիս են յուրահատուկ համ ու բուրմունք, փրփրոտություն. ուստի գարեջրի որակը հիմնականում պայմանավորված է գայլուկի մեջ մտնող դաբաղանյութերի և եթերայուղի քանակներով (որքան բարձր է այդ նյութերի քանակն, այնքան բարձր է ստացված գարեջրի որակը): Եթերայուղն օգտագործվում է նաև կվաս և լիկյոր պատրաստելու համար:

 

Շատ երկրներում գայլուկը լայնորեն մշակվում է որպես գյուղատնտեսական կուլտուրա: Նրա մատղաշ ընձյուղները, որոնք հարուստ են C վիտամինով, գարնանը տապակում են ծնեբեկի նման, պատրաստում են ապուր, շիլայանման սոուս, օգտագործում հում ձևով, սալաթի մեջ և այլն: Գայլուկի երկար ցողունները պիտանի են տեխնիկական նպատակով` մանվածք, մանրաթել, թուղթ, պարան, բրեզենտ, պարկ պատրաստելու համար: Ծաղիկներից ստացվում է դեղին գույնի ներկ: Որպես դեկորատիվ բույս օգտագործվում է նաև կանաչապատման մեջ:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

11.10.2014

Հարգելի Ռոզեթ, գայլուկի կիրառման վերաերյալ տեղեկատվության չենք տիրապետում, կարծում ենք կարող եք փնտրել համացանցում՝ որոնման համակարգերով, ինչպես մեծացնել կրծքերը:

Ռոզեթ

12.09.2014

բարև,իմ իմացությամբ ,գայուկը կիրարվուն է կուրցքերի մեծացման,ճիշտ է ,եթէ այո ապա ինչպես,իսկ եթէ ոչ ապա ինչ միջոցներ կան․ ինքս երգչուհի եմ ,ու երեխայիս է տարի կրցկով կերակրել եմ․ հիմա շատ պարզ է կրցքերս թուլացած ու կախված, ինչպես կարող եք օգնել վերականքնել արտագին տեսքը կուրցկերիս։ շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

14.12.2013

Հարգելի Արփինե, դժվարանում ենք պատասխանել Ձեր հարցին: Եթե Դուք հավաստի տվյալներ ունենաք, կիսվեք մեզ հետ...

Արփինե

11.12.2013

Հարց- Ճիշտ է,որ գայլուկի թուրմը մեկ ամիս օգտագործելուց հետո կրծքերը մեծանում են

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ